Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Օրերս պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և դրանց իրացում Հայաստանում:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մեքսիկայից Ն.Ղ-ի անվամբ ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և «Զվարթնոց» բաժինների աշխատակիցները՝ ՀՀ ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասնակցությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման են ենթարկել Մեքսիկայից ներմուծված առաքանին: Արդյունքում առաքանու ստվարաթղթե արկղի կողային 3 պատերում քողարկված հայտնաբերվել են «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 1000 բլոտտեր:
Փաստի առթիվ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում՝ դատարանի որոշման հիման վրա, խուզարկություններ են իրականացվել Երևանում գտնվող 3 տարբեր հասցեներում: Հասցեներից մեկում հայտնաբերվել են «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակների թմրամիջոցների զանգվածներ, «Smith & Wesson» տեսակի ատրճանակ, սվին դանակներ, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար:
Հիշյալ հասցեի բնակիչ Տ.Գ-ն, որը հանդիսանում է Ն.Ղ-ի դստեր ամուսինը, քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







