«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Որոշումը ստանալուց անմիջապես հետո կնախապատրաստվի բողոք և կներկայացվի վճռաբեկ դատարան»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկելու Դատախազության նախաձեռնությանը:
Անդրադառնալով Քոչարյանի գործով դատական նիստերի ձգձգմանը, դատախազը նկատեց, որ դա իրավունքի չարաշահում է, որի նպատակը դատական նիստը ձգձգելն է, դատաքննության փուլին անցնելու և ապացույցների հետազոտումը կանխելը:
«Դա այն դեպքն է, երբ անձինք իրենց օրենքով նախատեսված իրավունքներն իրացնում են ոչ թե այդ իրավունքի հետապնդած նպատակին հասնելու, այլ, գուցե իրենց դատավարական շահն իրականացնելու համար, այն դեպքում երբ այդ շահը օրենքով պաշտպանված չէ»,-ասաց Բաղդասարյանը:
Անդրադառնալով Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումներին, թե իրենք շահագրգռված են, որ մտնեն դատաքննության փուլ, որպեսզի ջախջախեն մեղադրանքը և ցույց տան, որ գործի հիմքում ջուր է, սակայն մեղադրող կողմն ու դատավորն են մեղավոր դատական նիստերի ձգձգումների համար, դատախազը նկատեց.
«Երբ կմտնենք դատաքննության փուլ, կտեսնենք ինչն է ջուր և ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարություններն ու իրենց վարքագիծն իրար չեն համապատասխանում»,-ասաց դատախազը՝ ավելացնելով, որ դատարանի կողմից որևէ վարքագիծ, որը կհանգեցներ գործի քննության այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել:
«Մեղադրողին բացարկ հայտնել այն բանի համար, որ ինքը ոչ թե պաշտպան է, այլ մեղադրող, հակասում է այս իրավունքնի իրացման ամբողջ տրամաբանությանը»,-ասաց Բաղդասարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







