ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված հսկողությունը:
Տեսչական մարմնից հայտնում են, որ լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, 24 ժամով կամ երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:
Այսօր էլ կասեցումները հաջորդել են միմյանց հանրապետության ողջ տարածքում. 24 ժամով աշխատանքը դադարեցրել են հարյուրից ավելի տնտեսավարողներ, դրանցից 2-ը՝ 48 ժամով:
Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը, սեղանների շուրջ նստած անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
ՍԱՏՄ-ն իրականացրել է նաև ակտիվ ստուգայցեր՝ փորձելով բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը:
Նշվում է, որ ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխիղճ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







