Արմավիրի մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա, հիվանդությունն ավելի արագ է տարածվում Տանուտ և Փարաքար համայնքներում:Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
Մարզպետի խոսքով՝ այս պահին նշված համայնքներում ելումուտը սահմանափակված չէ, սակայն սպասում են փորձագիտական եզրակացության և նման զարգացումները չեն բացառվում:
Մարզպետը նշեց, որ Արմավիրի մարզում մինչ օրս կորոնավիրուսի 814 դեպք է գրանցվել, վարակվածների կեսն արդեն առողջացել է, արձանագրվել է մահվան 21 դեպք
Անդրադառնալով մարզային հիվանդանոցների ռեսուրսների օգտագործմանը՝ Մաթևոսյանը նշեց, որ ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են, այդ թվում՝ ամբուլատորները. «Ծանր հիվանդներն առողջապահության նախարարության խիստ վերահսկողության ներքո ուղղորդվում են Երևանի հիվանդանոցներ, իսկ մարզում, եթե անհրաժեշտություն լինի նման տարածքներ առանձնացնելու, ապա հնարավորություն ունենք։ Օրինակ՝ Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը հնարավոր է առանձնացնել և վերաբացել։ Նման խոսակցություններ արդեն իսկ տանում ենք, և պատրաստվում ենք այդ ուղղությամբ։ Խոսքը գնում է երեք հիվանդանոցի մասին՝ Մեծամորի ԲԿ-ն, Վաղարշապատի և Արմավիրի ԲԿ-ն»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







