Երրորդ հանրապետության պատմության ամենամեծ առողջապահական խնդիրներից մեկը առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաճարակային օրերին պոլիկլինիկաների աշխատանքին:
Նա նշեց, որ պոլիկլինիկաների խնդիրները լուծելիս կառավարությունում առաջնորդվում են ճգնաժամը որպես հնարավորություն սկզբունքով, և հույս հայտնեց, որ հակահամաճարակային պայքարի համատեքստում լուրջ ներդրումներ կարվեն պոլիկլինիկական համակարգում, որի արդյունքում կունենանք ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ:
«Պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա և բարձրանում է: Այո, սկզբնական շրջանում, երբ պոլիկլինիկաները նոր էին ներգրավված, կային և այսօր էլ կան խնդիրներ, բայց ամեն օր ավելի քիչ են դրանք»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով աշխատավարձերին՝ վարչապետը նշեց, որ պոլիկլինիկայի աշխատակիցների աշխատավարձը դեռ նախորդ տարվանից ավելացել է, բայց ընթացիկ իրավիճակում կառավարությունը քննարկում է և բոլոր անհրաժեշտ որոշումները, այդ թվում՝ ֆինանսական, կկայացվեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







