Վերջին օրերին առկա է վարակվածների թվի աճ, բայց համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ թվերի աճը պայմանավորված է նաև լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Թեստավորումներ իրականացվում են և՛ մարզային, և՛ առանձին կազմակերպութունների լաբորատորիաներում իրականացվող թեստերի թվերի աճով»,- ասաց Թորոսյանը։
Թորոյանը հայտնեց նաև, որ կա վարակի լայն աշխարհագրական տարածվածություն։
«Հիմք ընդունելով փորձը, հիմք ընդունելով ռիսկերի գնահատման և արագ արձագանքման համակարգը՝ ունենք լայն աշխարհագրական տարածվածություն, ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, ունենք օջախայնություն կազմակերպ հաստատությունների, առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքերի մասով, և ունենք դեպքեր, ցավոք սրտի, մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում, երբ մեկ միջոցառումը հետագայում փոքր ձնագնդից դառնում է ավելի մեծ, և ունենում ենք տվյալ քաղաքում կազմակերպված միջոցառման շարունակությունը այլ քաղաքում, այլ մարզերում՝ ձևավորելով նոր օջախներ, ինչի արդյունքում այսօր ունենք նմանատիպ թվային պատկեր»,- նշեց Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







