Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը: Ծրագրվում է օրական 2000-3000 թեստ արտադրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հաշվի առնելով համավարակի տարածման տեմպերը՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում որոշել են հիմնել կորոնավիրուսն ախտորոշ թեստերի մինիմալ արտադրություն։ Ենթակառուցվածքների բացակայության պայմաններում ինստիտուտը ձեռք է բերել անհրաժեշտ կոմպոնենտները, որոնց հիման վրա հնարավոր կլինի սկսել արտադրությունը։ Դրա արդյունքում հնարավոր կլինի արտադրել շատ ավելի մատչելի թեստեր, քան կառավարությունն է ձեռք բերում։
«Այս պահին ներքին փորձարկումները գրեթե ավարտել ենք։ Երկրորդ փուլում կիրականացնենք հիվանդների ախտորոշման վրա փորձարկում, որի ավարտից հետո կտրամադրենք մեր թեստ-համակարգերը, որպեսզի դա անկախ ձևով ևս մեկ անգամ ստուգվի։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք մյուս շաբաթվա ավարտին կսկսենք արտադրությունը»,-նշել է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



