Չլինելով անմիջական, երկար շփման մեջ վարակված անձանց հետ` որոշում եմ կայացրել ինքնամեկուսանալ, սակայն շարունակում եմ հեռավար աշխատանքների իրականացումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չեն տեղափոխում հյուրանոցներ, իսկ ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։
«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքերով՝ Հայաստանը հազվագյուտ երկրներից է, որ մինչ օրս բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել է փակ հաստատություններում, և չեն վտանգվել մյուս քաղաքացիները։
«Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք»,- նշեց նա։
Նախարարը սթափվելու կոչ է արել բոլոր քաղաքացիներին, ովքեր դեռևս թերհավատորեն վերաբերում վիրուսին, քանի որ, ըստ նրա, այս վիճակը դեռ շատ երկար է շարունակվելու. «Եթե անգամ հնարավոր լինի գտնել դեղամիջոց կամ ձեռք բերել պատվաստանյութ, ապա վիրուսի կանխարգելումը կլինի ոչ շուտ քան 5 տարի հետո»,-նշել է նա։
«Բավականին կարևոր են մեր վարքագծային փոփոխությունների հարցը և մեր պատրաստավածության մակարդակի բարձրացում։ Երբ մենք ասում ենք վերադարձ առօրյա կյանքին, նկատի ունենք նոր ստեղծվող առօրյա կյանքը։ Հին առօրյա այլևս չի լինելու, լինելու է նոր առօրյա»,-նշել է Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



