ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«Բացի այդ, 2017-2018թթ ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում։ Դրա հետևանքով շուրջ 16,200,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 ՀՀ դրամ արժեքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գնահատումից հետո իր երկու աշխատակիցների հանձնարարել է միջնորդավորված ձևով մասնակցել աճուրդին ու գնել 7 մոտոցիկլետները, ինչից հետո դրանք տեղափոխել են ոստիկանության ավտոտնտեսության տարածք Այնտեղ, արդեն, Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց:
Ս. Բարսեղյանը ձերբակալվել է։ Այսօր` մայիսի 13–ին, միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







