ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում հանցագործության մասին հաղորդում է տվել. «Այսօր խորհրդարանում թեժ էր, շատ թեժ: Քննարկում էինք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ու բոլորիս հիմնական ասելիքը ատելության, թշնամանքի խոսքը կասեցնելն էր: Ատելության, թշնամանքի խոսքը` նաև հանրային կին գործիչների հանդեպ»,-գրել է նա և հայտնել, որ տուն գալուն պես անձնական վիրավորանքներով լի նամակ է ստացել։
«Սրան չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել ու անգամ որևէ հարցով չի դիմել, որ մերժած լինեմ, ինքն էլ կատաղի: Պատասխանեցի սույն վիժվածքին, որի պատասխանը չուշացավ. «պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ»: Բնականաբար, շատ կոմպակտ փոխանցեցի, թե ինչպես են կոչում անծանոթ կնոջը վիրավորող ու սպառնացող տղամարդկանց և խոստացա, որ հաստատ ենք հանդիպելու դատարանում»,-գրել է նա:
Նա դիմել է Ոստիկանապետին, որպեսզի այս գրառումն ընդունվի որպես հայտարարություն հանցագործության մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316-ի առաջին մասով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանցակազմով։
«Ի վերջո, մեկը պիտի պատժվի իր նողկալի զազրախոսության և սպառնալիքների համար, որ որևէ այլ պոտենցիալ դուրսպրծուկի, կնոջը, ով իր գործն է անում ու հաստատ վատ չի անում, մտքով այլևս չանցնի վիրավորել ու սպառնալ»,-ամփոփել է Զոհրաբյանը:
https://www.facebook.com/photo.php?fbid=725046224982438&set=a.101936020626798&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







