Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հնչեցրել է մի քանի թիվ, բարեփոխում, որով դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: «Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30 է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,-ասել է նախարարը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե այդ թիվն ինչի մասին է խոսում: Բադասյանը արձագանքեց՝ դա շատ ցածր թիվ է: Դա ևս մեկ վկայություն է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չէ: «Մասնակցության ցածր մակարդակ կա, ինչն առաջին ազդակն է, որ լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Կարծում եմ ՝ առաջին պայմանը արժանի աշխատավարձն է, վարձատրությունն է: Արդեն ունենք կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Դա ենթադրում է, որ եթե կառավարության կողմից ընդունվի, 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով և 2022-ին 70 տոկոսով»,-ասաց Բադասյանը:
Այժմ Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե 2020-ին աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021-ին՝ 1 մլն 57 հազար, 2022-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







