Եթե ազդակ է ստացվել պաշտոնատար անձի կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ և սկսվել է ուսումնասիրություն ենթադրյալ հանցագործության մեղադրանքի մասով, ապա Քաղաքացիական դատավարության կարգով սկսվում է հայց ներկայացնելու ուսումնասիրություն։
Ըստ նախարարի՝ պաշտոնատար անձի փաստացի առկա գույքը համեմատվում է վերջինիս օրինական եկամուտների հետ։
«Իրականացվում է փաստացի առկա գույքի ու օրինական եկամուտների միջև համեմատություն։ Ինչքանով չի հիմնավորվում առկա գույքը, ապա ինչքանով չհիմնավորվի, այդքանի մասով կարող է կայացվել բռնագանձման մասին իրավական ակտ»,- այսպիսի պարզեցված օրինակով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում բացատրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։
Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա նաև նշեց, որ իրենք թեև շտապողականություն ցուցաբերում են, բայց աշխատանքների որակին էլ են հետևում։ Նախարարի խոսքով՝ հանրության շրջանում կարող են լինել սպասումներ այս օրենքի վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնել նաև ժամկետները։
Բադասյանը ասաց, որ եթե օրենքը ստորագրվի (այն արդեն ընդունվել է ԱԺ կողմից) կպահանջվի ևս 3-4 ամիս նախապատրաստական աշխատանքների համար, ինչից հետո այն կսկսի աշխատել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







