Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։
Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել»,-գրել է նա։
Արսեն Թորոսյանը նշել է, որ բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ «Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,-եզրափակել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







