ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների հարցադրումների՝ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ։
«Ինչպես տեղյակ եք, ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթները՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը տեղեկացրել է նաև, որ հաջորդիվ կայանալիք չվերթների պարագայում բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։
«Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»,-ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







