ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդադարձավ նաև այս տարվա վերջին զանգի միջոցառումներին։
Նախարարը նշեց, որ վերջին զանգի անցկացման հարցն ամենից հաճախ տրվող հարցերից է՝ հավելելով, որ այն բոլորի կյանքում շատ կարևոր իրադարձությունների ցանկում է, որովհետև մի շատ կարևոր էջ ենք փակում այդ օրը ու մեկ այլ կարևոր էջ էլ բացում։
«Գիտեք, որ ունենք համավարակի տարածման խնդիր, և ըստ էության, երիտասարդների մոտ հիվանդությունն առանց սիմպտոմների է լինում, բայց նրանք դառնում են վարակակիր։ Պետք է արձանագրենք, որ եթե մենք մեծ միջոցառումներ կազմակերպենք, ապա նրանք կարող են դառնալ վարակակիր ու վարակը տարածել իրենց ընտանիքներում, որտեղ կան տատիկներ, պապիկներ, ծնողներ, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ վարակը չտարածվի, և նրանց առողջությունը չվնասվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախարարը նշեց, որ դա չի նշանակում, թե վերջին զանգի միջոցառումների մասով ամեն բան կասեցվել է, և ոչինչ չի լինելու։
«Բայց հենց Առողջապահության նախարարության հետ հասկանանք, որ համավարակը այլևս որևէ վտանգ չի ներկայացնում, և սահմանափակումների հետ խնդիրներ չունենք, մենք միասին որևէ օր որոշում ենք և արարողություններն ենք անցկացնում միասին։ Մենք կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների, բայց քանի որ սահմանափակումները կան, մի օր կորոշենք»,- նշեց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







