««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել: Այս մասին «Արմենպրեսս»-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Օրենքներն, ըստ աղբյուրի, կառավարությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ:
«Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը», ասված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







