Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանին և հայտնել, որ դյուրացվել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը դեպի Հայաստան։ Նշվել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին դեղորայքի հարցում։
Էրդողանի զանգի, արված հայտարարությունների պատճառների ու նշանակության, հայկական կողմից արձագանքելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։
Թուրքագետի կարծիքով՝ սա շնորհակալական զանգ էր պատրիարքին, քանի որ ստամբուլահայ համայնքը եկեղեցական հիմնադրամների միջոցով գումար է փոխանցել Էրդողանի հիմնադրած ֆոնդին։
Նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է:
«Ստամբուլահայ համայնքը եկեղեցական հիմնադրամների միջոցով գրեթե 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) հավաքեց և փոխանցեց Էրդողանի հիմնադրած այդ ֆոնդին։ Այս պարագայում Էրդողանն անձամբ, պարզապես, շնորհակալական զանգ կատարեց պատրիարքին և խոսակցության ժամանակ պատրիարքի բարձրացրած խնդրին ( այն է՝ Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով աշխատավայրերը փակվել են, և այնտեղ ապրող հայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, իսկ սահմանները փակ են, Վրաստանը փակ է, Թուրքիայում տեղաշարժման սահմանափակումներ կան), ի պատասխան Թուրքիայի նախագահը նման հայտարարություն արեց»,- նկատեց նա՝ հիշեցնելով, որ ՀՀ քաղաքացիներն արդեն վերադառնում են (Երեկ Հայաստանի կառավարության տրամադրած չորս ավտոբուսներով նախապես գրանցված 102 հոգուց Թուրքիայից Հայաստան է ուղևորվել 66-ը, նշվել է, որ ևս 10-ը կմիանան վրացական սահմանից)։
Իսպիրյանին առավելապես զարմացրել էր դեղորայքի հարցը, սակայն սա նա այնքան էլ լուրջ չհամարեց՝ հաշվի առնելով Էրդողանի պոպուլիստ լինելը։
«Գաղտնիք չէ, որ Էրդողանն իր բնույթով ավելի շատ պոպուլիս է, և Հայաստանի հետ կապված լուրջ չեմ ընդունում նման հայտարարութունը, որովհետև նախկինում էլ նման հայտարարություններ եղել են։ Սա լավ առիթ էր Էրդողանի համար կրկին «մարդասեր» երևալու համար»,- ընդգծեց թուրքագետը։
Նրա խոսքով՝ զրույցը կայացել է Պոլսո հայոց պատրիարքի հետ, քանի որ Էրդողանը չունի Հայաստանից այլ զրուցակից, Հայաստանի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն:
«Սա ես Հայաստանին մեսիջ չեմ համարում, ավելի շուտ պոպուլիստական հայտարարություն է»,- նկատեց նա։
Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանության կողմից որևէ արձագանքման կարիք չկա։
«Մենք Ստամբուլում ունենք Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցչություն, որը դե ֆակտո, մեր ԱԳՆ աշխատակիցներն են։ Եթե Թուրքիայի նախագահն ու կառավարությունը պաշտոնապես ինչ-որ բան ցանկանում են փոխանցել՝ կարող են օգտագործել այդ խողովակը։ Պոլսո հայոց պատրիարքը դիվանագիտական կառույց չէ, դա երկրի հոգևոր համայնքի ղեկավարն է ընդամենը և դիվանագիտական որևէ կապ չունի հայաստանյան դիվանագիտական կամ պաշտոնական կորպուսի հետ»,- նշեց նա։
Իսպիրյանը նկատեց, որ Էրդողանը սա լավ իմանալով է նման նախաձեռնությամբ հանդես եկել, այլ պարագայում, եթե ցանկանար մեզ օգնել, կարող էր բացի Թուրքիայի հայերի հոգևոր առաջնորդին դիմելուց, նաև վերը նշված խողովակներով դիմել հայաստանյան իշխանություններին։
«Էրդողանը որտեղի՞ց գիտեր, որ Հայաստանն ունի դեղորայքի կարիք»,- դիտարկմամբ հանդես եկավ փորձագետը՝ նկատելով, որ լուրջ կվերաբերվեր սրան, եթե Հայաստանումը դեղորայքի ու օգնության կարիք ունենար։
Պոլսահայության պատրիարքության նման հայտարարությունը, ըստ նրա, միջազգային նշանակության հայտարարություն չէր և դժվար միջազգային հանրությունը այս հայտարարությունով հետաքրքրվեր և տեղեկանար, որ Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին, մյուս կողմից էլ աշխարհում այս պահին նորմալ երևույթ է օգնություն տրամադրելը։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







