Վերմոնտ նահանգից սենատոր 78-ամյա Բերնի Սանդերսը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցությունը դադարեցնելու մասին: Իր ուղերձում, Սանդերսը խոստովանել է, որ նման որոշում կայացնելն իր համար բարդ և ցավոտ է եղել: Նման որոշմամբ նա ճանապարհ է հարթում դեմոկրատ թեկնածու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
78-ամյա Սանդերսը համակիրներին հայտնել է, որ բավարար քանակությամբ ձայներ չի ստանա նախագահի թեկնածու ընտրվելու համար:
«Նայելով այն բանին, թե ինչպես է երկիրը կլանում ճգնաժամը, ես չեմ կարող առանց խղճի խայթի շարունակել վարել ընտրական քարոզարշավ, որը, միևնույն է, չի ավարտվի հաջողությամբ և կարող է խանգարել կարևոր աշխատանքին, որով մենք պետք է զբաղվենք այս բարդ ժամանակաշրջանում»,-ասել է նա:
Սանդերսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են նրա քարոզարշավին, և խոստացել է, որ շարունակելու է պայքարել արդարության համար։ Սենատորը ձգտելու է միջոցներ ձեռնարկել, որոնք, նրա կարծիքով, կօգնեն շարքային ամերիկացիներին, օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը և հանրային առողջապահական համակարգի ներդրումը:
Ակնկալվում է, որ 77-ամյա Ջոն Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից օգոստոսին կառաջադրվի որպես նախագահի միակ թեկնածու և կպայքարի հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







