Մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի: Այս մասին ֆբ-յան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանն անդրադարձել է Արսեն Թորոսյանի կողմից հրապարակված կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկին, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Նա հավելել է, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորվում է տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:
«Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ: Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը»,-գրել է Ավինյանը՝ հորդորելով քաղաքացիներին լինել առավել կարգապահ և օգնել վարակի տարածման կանխարգելմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



