ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի, ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման գործարքներ։
Արդյունքում՝ Արտաշատում, շուկայի հարակից տարածքում, ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ։ Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում`արտարժույթ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության տարադրամի փոխանակման գործարքներ կատարելուց։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







