Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղյալ հայտարարի Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցները, քանի որ դրանք խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զարիֆը նամակ է ուղարկել Գուտերիշին՝ կոչ անելով վերջ դնել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնք կորոնավիրուսին դիմակայելու գլխավոր խոչընդոտն են», — ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարարն իր ուղերձում ընդգծել է, որ, չնայած Իրանի գիտական ներուժին և հիվանդության դեմ պայքարելու նրա հանձնառությանը, ամերիկյան սահմանափակումները խոչընդոտում են երկիր դեղերի, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների ներկրմանը:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Կում քաղաքում։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում հիվանդացածների թիվը կազմում է 10 075 մարդ, գրանցվել է առնվազն 429 մահվան ելքով դեպք ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







