Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 9-ին, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Քննիչի կողմից Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասաց Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչպես նաև որոշում էր կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Գործարարին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







