«Այսօրեական, Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվել է հանրաքվեի գործընթաց, և գործընթացի արդյունքներն ամփոփելով կկարողանանք արձանագրել՝ մեր երկրի քաղաքացիների համար ճգնաժամ արձանագրվել է, թե՝ ոչ, փոփոխությունների ցանկությունն ինչպիսին է այս առումով»։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք ՀՀ դատական համակարգում կա՞ ճգնաժամ, թե՝ ոչ։
Ըստ նրա՝ դատական համակարգում բազմաթիվ խնդրահարույց հարցեր եղել են և իրենք դրանց բազմիցս անդրադարձել են։
«Դատական համակարգը՝ որպես իշխանության բուրգ, պետք է իր բոլոր գործիքակազմով օժտված լինի, պետք է այն մարդիկ դատավորներ լինեն, ովքեր բավականաչափ փորձառություն ունեն»։
Խոսելով դատական օրենսգրքի փոփոխությունների աղմուկ բարձրացած փաթեթի մասին, որն ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ՝ Էնֆիաջյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունն իրավական առումով շատ կարգավորումներ ուներ, բայց առավել հնչեղություն ստացածներից էր տարիքային շեմի կարգավորումը, ըստ որի՝ 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք կունենա դատավոր դառնալու։
«Մենք արձանագրել ենք մեր մտահոգությունները, որովհետև 25 տարին լրացած քաղաքացին կարող է լինել լավ իրավաբան, փաստաբան, լավ մասնագիտական գիտելիքներ ստանա, բայց այստեղ խոսում ենք մարդկանց ճակատագրերի՝ որոշում և վճիռ կայացնելու ինստիտուտի մասին։ Գտնում ենք, որ կենսափորձը չափազանց կարևոր է»,- նշեց պատգամավորը։
Էնֆիաջյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կենսափորձն ու փորձը չափազանց կարևոր են, քանի որ բարդ է պատկերացնել՝ թե կրթության ո՞ր փուլում մարդը պետք է այդ հիմնական գիտելիքներն ու փորձառությունը ձեռք բերի։
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքը մշտապես կողմնակից է եղել, որպեսզի երիտասարդների ներուժը, գիտելիքները օգտագործվեն ամենատարբեր բնագավառներում և ոլորտներում, բայց կան հարցեր, որտեղ կյանքի փորձը, կենսափորձը շատ կարևոր են, և սա հենց այդ հարցն է։
Հարցին՝ թե որքանո՞վ է դատական համակարգի բարեփոխումներները միտված Սահամանադրական հանրաքվեից առաջ ժողովրդի վստահության քվեն ստանալուն, Էնֆիաջյանը նշեց, որ գործընթացը մեկնարկել է և մինչև հանրաքվեն տեղի չունենա, մինչև արդյունքները չունենանք, այս ամենի մասին տեղին չէ խոսել։
Անդրադառնալով խորհրդարանի ընդունած ևս մեկ հնչեղություն ստացած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին՝ նա նշեց, որ ըստ էության արդարություն վերականգնելու կարիք կա, բայց ինչ ձևով ենք վերականգնելու, օրենսդրական ինչ լուծում կա և որքանո”վ կկարողանա այս իրավակարգավորումը խնդիրը լուծել՝ ժամանակը ցույց կտա։
«25 միլիոն շեմը խնդրահարույց է, որովհետև նույն մայրաքաղաք Երևանում բնակարանների այսօրեական շուկայական գինը դա ամփոփում է, եթե ոչ ավել։ 1991 թվականից առ այսօր բազմաթիվ տարածքներ, գույք է սեփականաշնորհվել և գաղտնիք չէ, որ սեփականաշնորհելուց հետո այն չեն օգտագործել, անգամ տարածքներ կան, որում եղած սարքավորումները տնօրինման շրջանում վաճառվել են՝ այսօրվա գույքագրման մեջ որտե՞ղ է երևալու»,-նշեց ԱԺ փոխնախագահը։
Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ շատ վատ գործընթաց է իրականացվել տնտեսության համար և որքանով կկարողանան բացահայտման գործընթացը պատասխանատվության վերականգնման հասցնել՝ սա էլ է խնդիր։
«Ամենաառանցքային խնդիրը այս գործընթացում գույքի բռնագանձումը քաղաքական վենդետտայի առարկա չդարձնելն է»,-ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով բռնության քարոզը քրեականացնելու օրինագծին՝ Էնֆիաջյանը նկատեց, որ բռնության, ատելության խոսքի քարոզումը անթույլատրելի դրսևորումներ են։
Նա ընդգծեց, որ օրենքում կան էթնիկ զտման, ազգային պատկանելիության, կրոնական, հավատքի, սոցիալական այլ խմբի բաժանումների հետ կապված տարբեր մեկնաբանություններ։
«ԱԺ, Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են, և մարդիկ դժգոհության պահին արտահայտություն են անում, որը ևս խնդրահարույց է, հնչում են ձևակերպումներ, կոչեր, որոնք այս օրենքը ամփոփելու՞ է, թե՝ ո՞չ։ Սրանք խնդրահարույց հարցեր են, որոնք պետք է ավելի խորը ուսումնասիրության առարկա դառնան»,- նկատեց նա։
Խոսելով պետական ապարատում դավաճանների մասին և այն դիտարկմանը՝ թե սա ևս անձի պիտակավորում չէ՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ չի մտնի այդ մեկնաբանությունների մեջ, որովհետև մտքերի հեղինակը ինքը չէ։
«Ինչ է ասվել, ինչ իմաստ է ուզեցել հաղորդվել չեմ կարող ասել, պարզապես չեմ տիրապետում։ Մի բան հստակ կարող եմ ասել, եթե պետության նկատմամբ կամ մեր ժողովրդի նկատմամբ դավաճանություն է տեղի ունեցել․ սա միայն բարոյական գնահատական չէ, այստեղ նաև իրավակարգավորումներ կան և օրենքը պետք է գործի բոլորի համար անխտիր»,- նշեց Էնֆիաջյանը։
Ինչ վերաբերում է պետական համակարգում պարգևավճարների շուրջ առաջացած քննարկումներին, նա նշեց, որ եթե ոլորտի պատասխանատուն կամ գործընթաց նախաձեռնող անձը կամ կազմակերպությունը իր ծրագրած գործում հաջողություն է արձանագրում՝ դա նաև արտացոլվում է ֆինանսական ձևով։
«Ես կողմնակիցն եմ ամենախոցելի սոցիալական խմբերից սկսել աշխատավարձերը, պարգևավճարները բարձրացնելուն։ Առաջարկել եմ Արցախյան պատերազմի, Քառօրյա պատերազմի, Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին պատվովճարներ սահմանել։ Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 տարին։ Հարցումներն ուղարկել եմ՝ 276 կենդանի մարդ կա, կենդանի լեգենդներ․ նրանց համար պատվովճար սահմանենք, նախաձեռնություն կա, շրջանառության մեջ է դրված»,- ընդգծեց Էնֆիաջյանը։
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ինքը նաև օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր խորհրդարանական լսումներ կազմակերպելու ինստիտուտն ընդլայնել, որպեսզի երկրի քաղաքացիները հնարավորություն ունենան գալու խորհրդարան՝ իրենց տեսակետները հայտնելու։ Ցավոք, նախաձեռնությունը մերժվել է, և այն լրամշակվել ու նորից է ներկայացվել, որպեսզի այդ արգելքը հանվի։
«Ստացվում է խմբակցության պատգամավորները ցանկություն ունեն այդ ինստիտուտից օգտվել, լսումներ կազմակերպել, մարդկանց ներգրավվել և նման խնդրահարույց նախագծեր քննարկել, բայց այդ հնարավորությունը եզրափակված է»,- եզրափակեց Վահե Էնֆիաջյանը։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







