«Թալիբան» արմատական շարժումը (ՌԴ-ում արգելված է) հայտարարել Է «բռնության մակարդակի նվազեցման» ժամանակաշրջանի ավարտի և Աֆղանստանի կառավարական զորքերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Այս մասին հայտնել Է Agence France-Presse (AFP)-ի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Աֆղանստանի իշխանությունները և թալիբները պայմանավորվել են երկրում բռնության մակարդակի նվազեցման ռեժիմի մասին, այն ուժի մեջ է մտել փետրվարի 21-ի կեսգիշերին։ Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, բռնության մակարդակի նվազումը պետք է տևի յոթ օր:
Փետրվարի 29-ին Դոհայում խաղաղ համաձայնագիր Է ստորագրվել ԱՄՆ-ի և թալիբների միջև: Համաձայն պայմանավորվածությունների՝ միջաֆղանական բանակցությունները պետք է սկսվեն մարտի 10-ին։ Մասնակիցները կքննարկեն մշտական և համապարփակ հրադադարի ժամկետները, Աֆղանստանի ապագա քաղաքական ճանապարհային քարտեզը: Միջաֆղանական բանակցությունների մեկնարկի պահին վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում պետք է ազատ արձակվեն «Թալիբանի» մինչև 5 հազար կողմնակիցներ և մինչև 1000 մարդ, որոնք պահվում են թալիբների կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







