Մոսկվայում կկանգնեցվի հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի արձանը: Նախաձեռնության մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իվանովը նշել է, որ արձանի տեղադրման փաստաթղթերը փոխանցվել են քաղաքապետարան, որտեղ շատ լավ են վերաբերվում այդ գաղափարին:
Լեգենդար հետախույզի արձանը նախատեսված է կանգնեցնել Նոր Մոսկվայի N2070 դպրոցի մոտ, որը կարող է կոչվել Գևորգ Վարդանյանի անունով։
Հրատարակվել է Գևորգ Վարդանյանի մասին պատմող գիրք, որն այսօր ներկայացվել է ՏԱՍՍ-ի մամուլի ասուլիսում․ Վարդանյանի մասին պատմող գրքով՝ «Գործակալը, որը հաղթեց աբվերին», նախատեսում է բացել ռուսական արտաքին հետախուզության 100-ամյակի առթիվ գրքերի շարքը։
Գրքի հեղինակ Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ Վարդանյանի մասին պատմող գիրքն իրեն առաջարկել է գրել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Զանգահարեց և առաջարկեց վեպ գրել հերոս-հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին: Նրա պապը Ռոստովում բնակվելու է տեղափոխվել Իրանից: Գևորգ Անդրեևիչ ծնվել է Ռոստովում և իր կյանքի վերջին տարիներին հաճախ էր այցելում Ռոստով։ Ես նրան ճանաչում էի դեռ թերթում աշխատելիս: Ինձ միշտ ապշեցնում էր նրա բացառիկ բարեկրթությունը, շփման մեջ պարզությունը, խելքը, ինտելեկտը, և ես հաճույքով համաձայնեցի»,- ասել է Խութլուբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







