Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2744-ի, ապաքինվել է ավելի քան 32,4 հազար մարդ, թոքաբորբի բռնկման պահից ի վեր վարակվածների թիվը գերազանցել է 78,4 հազարը: Այս մասին հաղորդում է ՉԺՀ հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թարմացված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում է 3,49 տոկոս՝ նախորդ օրվա 3,47 տոկոսի փոխարեն: Ամեն օր գրանցվող նոր հայտնաբերված վարակման դեպքերի թիվն աճել է 27-ով՝ կազմելով 433, անցած օրվա ընթացքում արձանագրված մահվան ելքերի թիվը նվազել է 23-ով՝ հասնելով 29-ի։
Վարակվածների թվով տարածաշրջանների թվում առաջին տեղը զբաղեցնում է Հուբեյ կենտրոնական նահանգը, որտեղ գրանցվել է շուրջ 65,5 հազար վարակակիր, որոնցից ավելի քան 2,6 հազարը մահացել են, առողջացել է շուրջ 23,2 հազար մարդ: Այնուհետև հաջորդում է Գուանդուն նահանգը (հարավ), որտեղ հիվանդացել են ավելի քան 1,3 հազար բնակիչներ, Հենանը (կենտրոն) և Չժեցզյանը (արևելք), որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է վարակման ավելի քան 1,2 հազար դեպք: Վերջին օրվա ընթացքում Երկրի մայրցամաքային մասի շրջանների զգալի մասի տարածքում ոչ մի նոր վարակված չի հայտնաբերվել։
Պեկինում վարակվածների թիվը կազմել է 400 մարդ, որոնցից 235-ը դուրս են գրվել հիվանդանոցից, 4-ը մահացել են։
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ երկրում բժիշկների հսկողության տակ են գտնվում ավելի քան 71,5 հազար բնակիչներ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







