Հայկ Հարությունյանի ցուցմունքներն այնքան ճշմարտացի էին, որ հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր շահագրգռված դատավարությանը նրա մասնակցության հարցում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Հայրս բարձր էր գնահատում Հայկ Հարությունյանի մարդկային և մասնագիտական որակները, նա անթերի է կատարել իր ծառայողական պարտականությունները»,- նշել է Լևոն Քոչարյանը:
Լևոն Քոչարյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածը վերջինիս հետ հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ։
Հայկ Հարությունյանի մահվանից հետո տարածված լուրին, որ նրա վրա ճնշում է եղել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով Լևոն Քոչարյանը նշել է․
«Մենք այդ մասին խոսել ենք, հայրս ասել է, որ Հայկ Հարությունյանի ցուցմունքները լիովին համապատասխանում էին իրականությանը։ Ցուցմունքները հասանելի են բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ այնպես պետք է արվի՝ հանկարծ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն, չկիրառվի ուժ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հավելենք, որ Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






