Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը՝ շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը. հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
1944 թվականից ի վեր Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը, այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն:
Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ: Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը:
Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը», — ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Սմոքի արջի և անտառային հրդեհների կանխարգելման մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.smokeybear.com կայք և հետևե՛ք Սմոքի արջին ֆեսբուքում, ինստագրամում և թվիթերում #SmokeyBear75 և #OnlyYou հեշթեգերով։
Սմոքի արջի վերահսկման պատասխանատու գերատեսչությունն է ԱՄՆ Անտառային ծառայությունը` Պետական անտառապահների ազգային ասոցիացիայի և Գովազդային խորհրդի հետ համագործակցությամբ:
Անտառային ծառայությունը սպասարկում է 193 միլիոն ակր ազգային անտառածածկ և խոտածածկ տարածքներ՝ հանուն ամերիկյան հանրության: Դրա առաքելությունն է պահպանել անտառածածկ և խոտածածկ տարածքների անխաթարությունը, բազմազանությունն ու արտադրողականությունը՝ ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու նպատակով:
ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը աշխատանքներ է տանում Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ, որոնց թվում` անտառային հրդեհների կառավարման և անտառապատման ու անտառների վերականգնման ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







