Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր «Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրեն Գվարամիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է գրավը։ Դատարանի կողմից սահմանված գրավը կազմել է 40 հազար լարի (շուրջ 14 հազար դոլար)։
Դատարանը սահմանել է նաև գրավի վճարման ժամկետը՝ 30 օր։ Հավելենք, որ դատախազության առաջարկով նիստը վարող, դատավոր Գեորգի Կարետիշվիլին՝ որպես սկզբնական գրավաչափ է սահմանել 80 հազար լարի (ավելի քան 27 հազար դոլար):
Գվարամիան դատական լսումների ընթացքում հրաժարվել է ընդունել իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները՝ և վճարել սահմանված գրավը։ Ինչին ի պատասխան՝ դատավորը նշել է, որ այդ պարագայում մեղադրող կողմը իրավունք կունենա դիմել դատարան՝ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշենք նաև, որ Գվարամիային արգելված է առանց դատախազության քննիչների համաձայնության հատել Վրաստանի սահմանը: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Գվարամիան մեղադրվում է հեռուստալիքին խոշոր ֆինանսական վնաս հասցնելու մեջ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Գվարամիային մեղադրել է հեռուստաալիքին ավելի քան 6 մլն լարիի չափով կանխամտածված դրամական վնաս հասցնելու մեջ:
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ 2015 թ հունվարին Գվարամիան իր ընկերոջ՝ «Ինտերմեդիա պլյուս» ընկերության սեփականատիրոջ հետ համաձայնագիր է ձևակերպել , ըստ որի՝ «Ռուսթավի-2» հեռարձակող ընկերությունը «Ինտերմեդիա պլյուսին» զիջել է «Կոմեդի Կանալ» և «Մարաո» ալիքներում գովազդի տեղադրման իրավունքը: Ինչը ֆինանսական մեծ վնաս է պատճառել «Ռուսթավի-2» հեռուստաալիքին։
Դատարանում Գվարամիայի մեղքն ապացուցվելու պարագայում նրան սպառնում է տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ՝ մինչև երկու տարի ժամկետով, կամ տնային կալանք ՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







