Ծովային շատ հանգստավայրերում գրքեր կարելի է վերցնել ծովափի գրադարանից, սակայն այդ օբյեկտներն ավելի շատ նման են կրպակների: Չինական Vector Architects ճարտարապետական բյուրոն մշակել է լողափում ընթերցանությամբ զբաղվելու հնարավորությունների գաղափարը:
Հեբեյ նահանգի Բեյդահե շրջանի ափամերձ տարածքում կառուցվել է բետոնապատ և փայտե շինություն` խոշոր համայնապատկերային պատուհաններով: Սենյակը հեղեղող բնական լույսը տիրող լռության հետ միասին թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ աշխատել Seashore Library գրադարանում:
Նախագծի հեղինակներին հետաքրքիր էր ուսումնասիրել մարդու և բնության միջև կապը: Գրադարանն «ապրում է» հենց այդ սկզբունքով. լավ եղանակին առաջին հարկի պատուհաններից հեռացվում է փայտե շերտիկներով վարագույրը, և գրադարանի տարածքը տեսողականորեն միանում է ծովին: Միևնույն ժամանակ Seashore Library գրադարանը ավելին է, քան պարզապես հազարավոր գրքեր ունեցող վայր: Շինությունը բաժանված է մի քանի մասի, կա ընթերցանության համար նախատեսված տարածք, մեդիտացիայի և ակտիվ պարապմունքների համար նախատեսված վայր, իսկ քաղցն ու ծարավը կարելի է հագեցնել բարում:
Նախագիծը այնքան հաջող էր, որ ճարտարապետները գրադարանի մոտակայքում ստեղծեցին նույն ձևով մեկուսի մի մատուռ: Աշխարհում այն ծովին ամենամոտ գտնվող քաղաքային շինությունն է: Մակընթացությունից չտուժելու համար այն վեր է խոյանում ձողերի վրա: 270 ք.մ. երկհարկանի շինությունը ներքևի հարկում ունի հանգստի սենյակ, իսկ վերևի հրապարակը իրենից ներկայացնում է մատուռ` դեպի օվկիանոս տեսարանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







