Ռուսաստանի հակավիրուսային ընկերության մամուլի ծառայությունն օրերս հայտնել է, որ ՌԴ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նկատմամբ արձանագրվել է կիբերհարձակումների նոր ալիք։ Կասպերսկի հակավիրուսային ընկերության մասնագետները նշում են, որ այս հարձակումների հետևում կանգնած է Cloud Atlas խմբավորումը, ընդ որում ՝ հարձակումների թիրախում են ոչ միայն ՌԴ սերվերները։
Նրանք նշում են, որ չարագործների թիրախ են դարձել միջազգային, տնտեսական, օդատիեզերական ընկերությունները, ինչպես նաև կառավարական և կրոնական կազմակերպություններ Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։
Մասնագետները պարզաբանում են, որ կիբեր հանցագործների հիմնական նպատակակետն են վարակված համակարգչի հաշվառման տվյալները, ինչպես նաև txt,.pdf .xls,.doc. ձևաչափերով փաստաթղթերը: Հակավիրուսային ընկերության հաղորդմամբ հարձակումների այս ալիքի վտանգավորությունը կայանում է նաև նրանում, որ կիրառված է եղել կորպորատիվ ցանցեր ներթափանցելու նոր միջոց, որը հնարավորություն է ընձեռել հանցագործներին թաքցնել իրենց ներկայության հետքերը:
Մեխանիզմի գործառնման կարգը հետևյալն է՝
Հարձակման թիրախ հանդիսացող սարքի վրա տեղադրվում է վնասակար HTML հավելված, որը տեղեկություններ է հավաքում վարակված համակարգչի մասին։ Այնուհետև այդ նույն ծրագիրը ներբեռնում է VBShower մոդուլը, որն իր հերթին ջնջում է համակարգ հարձակվողների ներկայության հետքերը և հավաքագրված ինֆորմացիան ուղարկում Cloud Atlas խմբին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







