Երկուշաբթի Փարիզում տեղի կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի միջև բանակցություններ, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման շուրջ Թեհրանի առաջարկությունները: Այս մասին հաղորդում Է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել էր, որ ԳՀՀԾ-ի պայմանների լիակատար պահպանմանը Թեհրանի վերադարձը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Իրանին թույլ տրվի վերադառնալ նավթի շուկա, ինչպես նաև ապահովվի այդ վաճառքից ստացված եկամուտների նկատմամբ իր հասանելիությունը:
Արաքչին նաև հայտարարել էր, որ նավթային շուկայում Իրանի վաճառքի կարողությունները հնարավոր է վերականգնել միայն 2 ճանապարհով, այն է` կա՛մ համոզել ԱՄՆ-ին չեղարկել իրանական նավթը գնող երկրների նկատմամբ հաստատված սանկցիաները, կա՛մ եվրոպական երկրներն իրենք պետք է բավարար ծավալով իրանական նավթ գնեն` Իրանի նավթային շուկայի առաջարկն իրացնելու և շուկան կարգավորելու համար:
Արաքչիի խոսքով ՝ Բիարիցայում G7-ի գագաթնաժողովում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հաջողվել է բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի հետ ԳՀՀԾ-ի պահպանման շուրջ, և ամերիկյան կողմը, կարծես թե «որոշակի զիջողականություն է ցուցաբերել իրանական նավթի արտահանման թույլտվության հարցում»,- հաղորդում Է IRNA-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







