Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խոչընդոտ չեն ստեղծում ադրբեջանա-ռուսական համագործակցության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Ռոսիա հեռուստաալիքին, որին նախագահին Ալիևը նախօրեին հարցազրույց է տվել։
Սոչիում ընթացող Վալդայ միջազգային բանավիճային ակումբի կուլիսներում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության, նախագահ Ալիևը նշել է․
«Ոչ, բացարձակապես չեն խանգարում։ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ազատ են արտաքին քաղաքական որևէ այլ օրակարգից։ Երկու կողմերն էլ այդ հարաբերությունները համարում են ռազմավարական գործընկերներություն»
Նա հավելել է, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները դարձել են ավելի արդյունավետ և որակյալ
«Մենք համագործակցում ենք միջազգային հարթակներում, և աջակցում ենք միմյանց։ Մենք ունենք նաև սերտ փոխգործակցություն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, բնականաբար, ԱՊՀ-ի հարթակում։ Երկու երկրների միջև առկա են նաև շատ սերտ առևտրատնտեսական հարաբերություններ, ապրանքաշրջանառության աճն այս տարի ավելի քան 20 տոկոս է։ Բազմամիլիարդանոց ներդրումներ են կատարվում Ռուսաստանից Ադրբեջան և Ադրբեջանից Ռուսաստան։ Կա նաև համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի, հումանիտար, ռազմատեխնիկական, զբոսաշրջության ոլորտներում», — ընդգծել է Ադրբեջանի նախագահը ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







