Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ բացել փախստականների դուռը դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունն անվանի ներխուժում, բացարձակապես անընդունելի են։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ ներկայացուցիչը՝ Լյուքսեմբուրգում 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։
Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հետ կապված հարցերում: «Մենք շատ բան ենք արել, որպեսզի օգնենք Թուրքիային փախստականների հետ կապված հարցերում։ Մենք արդեն տրամադրել ենք 6 մլրդ եվրոյի միջոցների 90 տոկոսը»,-նշել է նա։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Եվրամիությանը՝ Սիրիայում Անկարայի «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում թուրք առաջնորդը սպառնացել է «բացել» փախստականների դուռը դեպի Եվրոպա, եթե վերջինս այդ գործողությունը անվանի ներխուժում ։
Նմանատիպ սպառնալիքով Էրդողանը հանդես է եկել սեպտեմբերի 5-ին ՝ կոչ անելով ԵՄ-ին աջակցել Անկարայի ՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մտադրությանը ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







