ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսից դուրս է բերում թվով 1000 ամերիկացի զինծառայողների Թուրքիայի հարձակման պատճառով, որը, հավանաբար, ընդլայնվելու միտում ունի դեպի հարավ և արևմուտք: ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վերջին օրվա ընթացքում մենք իմացանք, որ (Թուրքիան), հավանաբար, մտադիր է պլանավորածից ավելի հարավ ընդլայնել իր ռազմական գործողությունները»,- ասել է նա։
Մարկ Էսպերը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, այս գործողությունները կընդլայնվեն նաև արևմտյան ուղղությամբ։
Պենտագոնի ղեկավարը հայտնել է նաև, որ, ըստ ամերիկյան տվյալների, «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը» ձգտում են համաձայնագիր կնքել սիրիացիների և ռուսների հետ՝ թուրքական ուժերի նկատմամբ հակագրոհ կազմակերպելու նպատակով:
«Այսպիսով, մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ամերիկյան ուժերը կսեղմվեն միմյանց դիմակայող երկու հարձակողական բանակների միջև, ինչը շատ խոցելի դիրք է։ Այդ պատճառով ես երեկ երեկոյան խոսեցի ԱՄՆ –ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն բանից հետո, երբ հարցը քննարկեցի նաև մյուսների հետ, որոնք վարչակազմում զբաղվում են ազգային անվտանգության հարցերով, և նա (Թրամփը) ցուցում տվեց, որպեսզի մենք սկսենք զորքերի դուրսբերման գործընթացը Սիրիայի հյուսիսից», — հայտնել Է Պենտագոնի ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







