Իրանի Արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արագչին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Չտարածման վերաբերյալ մոսկովյան համաժողովին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, փոխնախարարը կմասնակցի համաժողովին` զեկուցելու միկջուկային գործարքի վերաբերյալ վերջին իրադարձությունների մասին:
Չտարածման վերաբերյալ համաժողովը կկայանա նոյեմբերի 7-9-ը Մոսկվայում, որը կանցկացնի «Էներգետիկայի և անվտանգության կենտրոն» ռուսական ոչ կառավարական կազմակերպությունը Ռուսաստանի արտգործնախարարության հետ համատեղ: Ինչպես հայտնում է աղբյուրը, միջուկային խնդրի առավել հրատապ հարցեր քննարկելու համար Մոսկվայում կհավաքվեն աշխարհի 40 երկրի և միջազգային պրոֆիլային կազմակերպությունների ավելի քան 250 փորձագետներ:
Հիշեցնենք, որ դեռևս 2015թ. Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ-պետությունների և Գերմանիայի հետ համաձայնացրել է Գործողությունների համատեղ համապարփակ պլան` նպատակ ունենալով սահմանափակելու Իրանի միջուկային փորձարկումները, որին ի պատասխան ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է հանեին պատժամիջոցները Իրանի դեմ: Սակայն ապագա համաձայնագիրը կասկածի տակ դրվեց 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ի կողմից այդ համաձայնագրից միակողմանի դուրս գալու հետևանքով: Մեկ տարի անց Թեհրանը ևս հայտարարեց միջուկային գործարքի պարտավորությունների իր մասից աստիճանաբար հրաժարվելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







