ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանությունը հեթական անգամ դիմել է The New York Times հրատարակությանը` խնդրելով որպես պատկերազարդումներ չհրատարակել իր հոդվածներում աշխարհագրական այնպիսի քարտեզներ, որոնցում Ղրիմի թերակղզին ներառված չէ Ուկրաինայի կազմում: Այս մասին գրառում է կատարել Ուկրաինայի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում:
Խնդիրն այն է, որ քարտեզը հակասում է Կիևի կողմից ներկայացվող պաշտոնական տարբերակին. քարտեզի վրա Ուկրաինայի տարածքն ավելի բաց է գունավորված, քան Ղրիմի տարածքը, որը նման է Ռուսաստանի տարածքի գունավորմանը:
Սա նման առաջին դեպքը չէ. 2017թ. The New York Times-ը հրատարակել էր մի քարտեզ, որի վրա Ղրիմի և Ռուսաստանի տարածքի գունավորումը համընկնում էր: Այդ ժամանակ Ուկրաինայի Արտգործնախարարությունը պահանջել էր թերթից հրապարակել քարտեզ, որի վրա Ղրիմը կընդգծվեր որպես Ուկրաինայի տարածք: Իսկ թերթն արդարացել էր, թե Թերակղզին պատկերվել է համաձայն հրատարակման կանոնների, այսինքն` որպես«վիճելի տարածք»:
Պետական հեղաշրջումից հետո` 2014թ. փետրվարին, Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշում էին կայացրել Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Մարտի 16-ին կայացած քվեարկության արդյունքում, որին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 80%-ը, բնակչության 95%-ը քվեարկել էր Ռուսաստանին միանալու օգտին: 2 օր անց` մարտի 18-ին, Ռուսաստանի Նախագահը ստորագրել էր այս տարածքների` Ռուսաստանին միանալու վերաբերյալ պայմանագիրը, որը մարտի 21-ին հաստատել էր Դաշնային ժողովը: Չնայած նման արդյունքներին` Կիևը չի ճանաչել Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







