Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ամենաթեժ խնդիրը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և տեղակայման հարցն է, սակայն ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը այս հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին:
Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան այժմ որոշել են այս խնդիրը մի կողմ դնել և թողնել, որ իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցություններն ու լուծում գտնեն:
«Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայնում է Թուրքիային վաճառել «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արևելագետն ընդգծեց, որ երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան գնել է և տեղակայում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ամերիկացիները հայտարարեցին, որ «Պատրիոտ» ընդհանրապես չեն վաճառելու:
«Ներկայումս փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան մոտեցումներում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







