Բոլիվիայի խորհրդարանի պատգամավորները սկսել են պետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնելու մասին օրինագծի քննարկումը: Այդ մասին խորհրդարանի ստորին պալատը հայտարարել Է Twitter-ում։
«Անհրաժեշտ քվորումի առկայության դեպքում բացված է հայտարարվում 208-րդ նիստը՝ քննարկելու «հատուկ և անցումային ռեժիմի մասին» օրինագիծը՝ համընդհանուր ընտրությունների անցկացման համար», — ասված Է հրապարակման մեջ: Ավելի վաղ այդ փաստաթուղթը միաձայն հավանության էր արժանացել սենատորների պալատի կողմից:
Օրինագիծը նախատեսում է Բարձրագույն ընտրական դատարանի և տարածաշրջանային հանձնաժողովների նոր անդամների նշանակում, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ընտրությունների անցկացում:
Նշենք, որ Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին նախագահական ընտրություններ են անցկացվել։ Բարձրագույն ընտրական դատարանի տվյալների համաձայն՝ ձայների մեծամասնությունը ստացել է Էվո Մորալեսը, որն այս պահին գործող նախագահն է: Նրա գլխավոր մրցակից՝ նախկին նախագահ Կարլոս Մեսան, հայտարարել է, որ չի ճանաչում մրցակցի հաղթանակն առաջին փուլում: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մեսայի կողմնակիցները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրում։
Բանակը, ընդդիմությունը և արհմիությունները Մորալեսից պահանջել են հրաժարական տալ, և նոյեմբերի 10-ին նա հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը՝ իրավիճակը որակելով որպես պետական հեղաշրջում: Նրա օրինակին հետևել են փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան և խորհրդարանի երկու պալատների խոսնակները, որոնք, Սահմանադրության համաձայն, հաջորդն են եղել պետության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնի հերթում:
Մորալեսն իր կյանքի համար մտահոգությունների պատճառով նոյեմբերի 12-ին մեկնել է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան են տրամադրել: Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսը, որը ներկայացնում է ընդդիմությունը, հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունները մինչև նոր ընտրությունների անցկացումը: Մորալեսի կողմնակիցները չեն ճանաչում նրան, թեև Սահմանադրական դատարանը հաստատել է իշխանության փոխանցման օրինականությունը: Իրավապաշտպանների տվյալներով ՝ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է շուրջ 30 մարդ, տուժել է ավելի քան 500 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







