Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ մեկ ժամվա ընթացքում, եթե Վաշինգտոնը չեղյալ հայտարարի Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռոուհանի իրանական IRIB գործակալությանը տրված հարցազրույցը։
«ԱՄՆ -ի նախագահը կհանի պատժամիջոցները, և մենք մեկ ժամվա ընթացքում կսկսենք բանակցությունները», — նշել է Ռոուհանին՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ Վաշինգտոնը պնդում է, որ «սկզբում պետք է բանակցություններ վարել, իսկ հետո հանել պատժամիջոցները»:
Իրանի նախագահը շեշտել է, որ «Չնայած Իրանը 41 տարի գտնվում է պատժամիջոցների տակ, սակայն վերջին երկու տարիների ընթացքում ճնշումները հասել են առավելագույնի»:
«Մեր կառավարության բոլոր ջանքերն ուղղված են դրա հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելուն»,-նշել է Ռոուհանին:
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կտրուկ սրվել է 2018 թվականի մայիսի 8-ին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց հետո:
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ գնալ երկխոսության։ Ընդ որում, ԱՄՆ շահագրգռված է գործող ԳՀՀԾ-ն փոխարինել մեկ այլ պայմանագրով, որը կներառի ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլև հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը և նրա տարածաշրջանային քաղաքականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







