ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները դեկտեմբերի 10-ին հրապարակել են մեղադրական եզրակացության նախագիծ Նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Նախագահը մեղադրվում է իշխանության չարաշահման և օրենսդիր իշխանության աշխատանքին խոչընդոտելու մեջ: «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու հոդվածով է մեղադրում Նախագահին. առաջին` իշխանության չարաշահում, երկրորդ` Կոնգրեսի աշխատանքների համար խոչընդոտների ստեղծում»,-հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադերը: Ինչպես ընդգծել է կոմիտեի նախագահը, ոչ ոք, նույնիսկ նախագահը օրենքից վեր չէ:
Այս փաստաթուղթն այժմ պետք է անցնի քվեարկության փուլ կոմիտեում: Ըստ Washington Post թերթի` այն հավանաբար տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: Հաստատման դեպքում այն կանցնի Ներկայացուցիչների պալատ, որում քվերակության համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն: Ներկայացուցիչների պալատում հաստատվելուց հետո այն կանցնի Սենատ, որում անհրաժեշտ կլինի սենատորների ձայների երկու երրորդը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







