Սիրիայի Նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Սիրիայից ԱՄՆ զինված ուժերին դուրս մղելու համար անհրաժեշտ է ոչնչացնել ահաբեկիչներին և Դամասկոսի կողմը գրավել ԱՄՆ-ի հետ համագործակցող տեղական կազմավորումներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սիրիայի Նախագահը չինական «Ֆենիքս» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես ընդգծել է Նախագահը, ամերիկյան ներկայությունը Սիրիայում պայմանավորված է ահաբեկիչների առկայությամբ, ուստի անհրաժեշտություն է համարել այդ ծայրահեղականների ոչնչացումը: «Ահաբեկիչների ոչնչացումն այս կամ այն չափով կթուլացնի ամերիկյան ներկայությունը»,-ասել է Ասադը:
Նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է Սիրիայում ԱՄՆ հովանավորությամբ գործող կազմավորումներին գրավել սիրիական կառավարության կողմը, որից հետո Սիրիայում ամերիկյան ներկայության ոչ մի հեռանկար չի լինի:
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին` թուրքական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Վաշինգտոնն իր հերթին հայտարարել էր թուրքական գործողության տարաքծից ամերիկյան զինծառայողների դուրսբերման մասին, սակայն հայտարարել, որ կպահպանի իր վերահսկողությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







