Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները հայտարարել են Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործում ռուսական կողմի մեղավորության վերաբերյալ համոզվածության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ելույթի ժամանակ:
«Մենք պետք է արտաքսեինք այդ երկու դիվանագետներին, քանի որ ժամանակի ընթացքում ռուսական կողմը պատրաստակամություն չդրսևորեց համագործակցելու,-ընդգծել է Կանցլերը` հավելելով,-ես այդ մասին ասել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «նորմանդական ձևաչափով» հանդիպման ժամանակ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել էր Բեռլինում օգոստոսի 23-ին, որի համար որպես կասկածյալ ձերբակալվել է Ռուսաստանի 49-ամյա քաղաքացի: Այդ պատճառով Գերմանիան արտաքսել էր Ռուսաստանի դեսպանության երկու աշխատակցի` հիմնավորելով, որ ռուսական իշխանությունները բավարար չափով չեն աջակցում հետաքննությանը:
«Նորմանդական ձևաչափով» հանդիպման արդյունքների վերաբերյալ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպանվածը մոսկովյան մետրոյում պայթյուններ է կազմակերպել, և ռուսական կողմը բազմիցս պահանջել է գերմանական իշխանություններից հանձնել նրան: Ռուսական կողմի համաձայն` Վրաստանի քաղաքացին գտնվում էր հետախուզման մեջ:
Նշենք, որ Ռուսատանը բացառում է իր մասնակցությունն այդ հանցագործության կազմակերպման հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







