Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում կայացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ադրբեջանագետ, տարածաշրջանային փորձագետ Գառնիկ Դավթյանը, ով նաև Armenia First նախաձեռնող խմբի անդամ է, ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ընտրություններին իրականում մասնակցել է ոչ թե 13, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այլ 24 կուսակցություն:
«Կան կուսակցություններ, որոնք չեն մատնանշվել ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ որպես մասնակցող կուսակցություններ: Փորձեցի գտնել տեղեկություններ վերջիններիս ընտրություններին մեկ այլ կուսակցությանը միանալու մասին, սակայն ապարդյուն: Փաստացի կա՛մ 11 կուսակցությունները ձևական բնույթ են կրում ու համարվում են իշխանության ձայն ապահովող դրածո, կա՛մ խախտվել են վերջիններիս իրավունքները»,- կարծում է ադրբեջանագետը:
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 32.72% -ը կամ ընտրական իրավունք ունեցող 1,626,954 քաղաքացի: «Չնայած իշխանամետ լրատվականները նշում են, որ սա աննախադեպ է ՏԻՄ ընտրությունների մասնակցության առումով՝ նշեմ, որ այդ տեղեկությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ամբողջովին ապատեղեկատվություն է: Իրականում, 2014թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել են թվով 1,880,390 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի»,- նշում է Գառնիկ Դավթյանը:
Ադրբեջանագետը փաստում է, որ ՏԻՄ ընտրություններն Ադրբեջանում անցել են մի շարք կոպիտ խախտումներով: Մի շարք ընտրատեղամասերում նկատվել են կրկնակի քվեարկությունների (կառուսել), մասայական լցոնումների դեպքեր, լրագրողների աշխատանքների խոչընդոտում և այլն:
Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունների անցկացումն ու դրանում հաղթանակ տանելը կարևոր է ինչպես իշխանության, այնպես էլ ոչ իշխանական կուսակցությունների համար:
«Սակայն Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններին մեծ կարևորություն չի տրվում և հենց դրա կարևորության ընկալման պակասը բերում է անկայուն ներքաղաքական կացության ձևավորմանը: Ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, նշելով, որ հավասար պայմանները ապահովված չեն, նույնն անում են խորհրդարանական ընտրություններին ու 5 տարի շարունակ բողոքում երկրի սոցիալ-տնտեսական, անարդար ու բռնապետական վիճակից»,- նշում է ադրբեջանագետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







