Թուրքիան ավելի քան 8 հազար զինյալ կմոբիլիզացնի սիրիական ընդդիմության կազմավորումներից և նրանց կուղարկի Լիբիա՝ աջակցելու զինված ոստիկաններին, որոնք կռվում են Ֆաիզ Սարաջիի Ազգային համաձայնության կառավարության կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Սաուդյան Al Hadath հեռուստաալիքին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ 120 գրոհայիններից բաղկացած առաջին խումբը լիբիական տարածք է տեղափոխվել այս շաբաթ։
Նշվում է, որ հավաքագրումների համար չորս կենտրոն է ստեղծվել Աֆրին քաղաքում, ինչպես նաև Էր-Ռայում և Ախթարինում՝ Սիրիայի հյուսիսում գտնվող գոտիներում, որոնք վերահսկվում են Թուրքիայի և նրա հետ դաշնակից զինված խմբավորումների կողմից: Ինչպես պնդում է հեռուստաալիքը, գրոհայինների ընտրությամբ զբաղվում է «Սուլթան Մուրադ» բրիգադը, որը բաղկացած է Սիրիայում բնակվող էթնիկ թուրքմեններից:
Ավելի վաղ Anadolu Ajansi-ն հաղորդել էր, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, մտադիր է դեկտեմբերի 30-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների քննարկմանը ուղարկել կառավարության մանդատը՝ Լիբիա զորքեր ուղարկելու համար: Այս հարցի շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ հունվարի 2-ին։ Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե ԱՀԿ-ն նրանից օգնություն խնդրի։ Նշենք նաև, որ նոյեմբերի 28-ին Անկարան և Տրիպոլին համագործակցության հուշագիր են կնքել, այդ թվում՝ ռազմական ոլորտում ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







