Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին բողոք է հայտնել ամերիկյան իշխանությունների «ռազմատենչ հայտարարությունների» կապակցությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ չորեքշաբթի Իրանի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցչին, որը ներկայացնում է Թեհրանում ԱՄՆ-ի շահերը, որտեղ նրան բողոք է ներկայացվել ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց «ռազմատենչ հայտարարությունների» կապակցությամբ:
Իրանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թեհրանի հասցեին անհիմն մեղադրանքներից:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին զանգվածային ակցիա է սկսվել Բաղդադում ամերիկյան դեսպանատան առջև՝ ի նշան Սիրիայի հետ սահմանակից էլ Կաիմ քաղաքում շիաների «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակման։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, առնվազն 50 աշխարհազորայիններ վիրավորվել են: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպման հետևում կանգնած են «Իրանի ահաբեկիչները ևդաշնակիցները»:
Չորեքշաբթի օրը Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դատապարտել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները շիաների «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց մտադիր է պաշտպանել սեփական շահերը և վճռականորեն դիմակայել նրանց, ովքեր նրանց սպառնում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







