ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները նոր հարձակումներ են պատրաստում Իրաքում ամերիկյան ուժերի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։
«Կան որոշ ցուցանիշներ այն մասին, որ նրանք (Իրանը և նրա կողմից աջակցվող ուժերը) կարող են նոր հարձակումներ ծրագրել։ Եթե դա տեղի ունենա, մենք կարձագանքենք։ Եթե մենք հարձակումներ կամ այլ տեղեկություններ ստանանք, ապա կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք ԱՄՆ Զինված ուժերի և քաղաքացիների պաշտպանության համար։ Խաղը փոխվել է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում մեր անձնակազմի և շահերի պաշտպանության համար»,- Էսպերի խոսքը մեջբերում է Reuters-ը։
Էսպերը Բաղդադում ամերիկյան դեսպանատան առջև զանգվածային ակցիան համարել է Իրանի կողմնակիցների ներկայացումը և խորհուրդ չի տվել փորձել ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության տարածք:
«ԱՄՆ-ի դեսպանատունը գտնվում է 100 ակր ընդհանուր մակերեսով համալիրում [0,334 քառ.կմ] և կառուցվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Այլ կերպ ասած, դա շատ ամուր կառույց է, որտեղ շատ դժվար է ներխուժել: Անհաջող օր է սպասվում ամեն մեկին, ով կփորձի դա անել»,- պաշտպանության նախարարի խոսքը մեջբերում է Fox News-ը ։
«Իրանի կողմից ղեկավարվող զինված մարդկանց խմբերը կազմակերպել են այդ ցույցերը։ Սա ներկայացում է, որպեսզի մուտք գործեն Իրաքի անվտանգության ուժերի կողմից պահպանվող համալիր։ Նրանք նահանջեցին։ Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ տեղի ունենա այնտեղ», — ասել է Էսպերը։
Պենտագոնի ղեկավարին խնդրել են Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենար կանխատեսել առաջիկա օրերին:
«Մենք կշարունակենք մեծացնել մեր ներկայությունը տարածաշրջանում ռազմական առումով՝ մեր անձնակազմի պաշտպանության համար՝ լինեն դրանք ամերիկացի դիվանագետներ, քաղաքացիական անձինք կամ զինծառայողներ։ Մենք ապահովելու ենք մեր ուժերի մարտունակությունը ողջ տարածաշրջանում, մեր զինված ուժերի վրա ցանկացած հարձակում հակազդելու կամ վնասելու նրանց կարողությունը»,- պատասխանել է Էսպերը։
«Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր շահերը տարածաշրջանում, շարունակելու ենք աջակցել մեր ընկերներին և դաշնակիցներին և պաշտպանել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են առևտրի և նավագնացության ազատությունը Օրմուզի նեղուցում», — վստահեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







