Ամերիկյան զինվորականները, որոնք գտնվում են Իրաքի բազաներում, ամենայն հավանականությամբ, տեղեկացվել են այն մասին, որ Իրանը հրթիռներ է արձակել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը։
Հետախուզության նախկին աշխատակիցների խոսքով՝ նշված տեղեկատվությունը կարող էր օպերատիվ ստացվել ազդարարման համակարգի օգնությամբ, որը կիրառում է Վաշինգտոնը: Դրա բաղադրիչներից մեկը, Ինչպես նշում Է NBC-ն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կառավարման ներքո գտնվող օբյեկտն է Մերիլենդի նահանգում: Համակարգը ներառում է նաև արբանյակներ և ռադիոլոկացիոն կայաններ։
Ինչպես հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Իրանը կիրառել է ավելի քան մեկ տասնյակ հրթիռ։
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Թեհրանը Վաշինգտոնին խոստացել է կոշտ պատասխան տալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







