Թեհրանում կործանված ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռն այրվել է դեռ նախքան հողին բախվելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դա նշվում է վթարի նախնական հետաքննության մեջ, որն անցկացվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից և հրապարակել Է Tasnim գործակալությունը:
«Ինքնաթիռն այրվել է օդում։ Ականատեսների տեղեկությունների համաձայն՝ կրակը երևում էր օդանավում և տարածվել էր նրա ֆյուզելյաժով», — հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Զեկույցում նաև նշվում է, որ «հողի հետ բախումից հետո պայթյուն է տեղի ունեցել»:
Նախնական հետաքննության մեջ նշվում է, որ «Boeing 737»-ը տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո վերադարձել է օդանավակայան։
«Օդանավի հետագիծը, որն ի սկզբանե օդանավակայանից արևմուտք էր ուղևորվում, վկայում է այն մասին, որ տեխնիկական խնդրի ի հայտ գալուց հետո այն շրջվել է», — ասված Է զեկույցում: Նշվում է նաև, որ «վթարի պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»:
Բացի այդ, զեկույցի համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «թռիչքի անսովոր հանգամանքների մասին ոչ մի հաղորդում չի ստացվել»:
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավը թռիչքից րոպեներ անց ավիավթարի էր ենթարկվել, որի հետևանքով մահացել էին 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







