Թուրքիայի 12 քաղաքներում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ երկրի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա թուրքական զորախումբ ուղարկելուն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Ըստ հրապարակման՝ «Ստամբուլի տնտեսական հետազոտությունների» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակցել է 1537 քաղաքացի: Մասնակիցներին տրվել է «Ձեր կարծիքով Լիբիա զորք ուղարկելը ճի՞շտ է» հարցը: Դրական է պատասխանել հարցվածների 34%-ը, բացասական՝ 58%-ը, իսկ 8%-ն էլ դժվարացել է պատասխանել:
Անդրսահմանային հակամարտությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս մասնակիցների 75%-ն ասել է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի ու միայն միջնորդական առաքելություն իրականացնի: 15%-ը ճիշտ է համարել հակամարտության մեջ ներգրավվելու և կողմերից մեկնումեկին ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջին փուլով Լիբիա են ուղարկվել 35 թուրք զինվորականներ, որոնք պետք է ուսուցանեն ազգային համաձայնության կառավարության զինված ստորաբաժանումներին ու համակարգեն նրանց գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







